Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը պատրաստվում է  առաջիկա օրերին դատական գործընթաց սկսել Երեւանի քաղաքապետարանի ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձն անհիմն բարձրացնելու մեղադրանքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ այս պահին աշխատում են հայցի վրա: «Երբ կոնկրետ կետերը լինեն, կկարողանանք ավելի հանգամանալից ներկայացնել»,- ավելացրեց Դավիթ Սանասարյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ թեեւ Երեւանի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել էին, բայց արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն էլ չկա, քանի որ ապօրինի որոշումը կասեցվել է: