Ռուսաստանցի հայտնի փաստաբան Ռուբեն Մարգարյանն առաջիկայում կսկսի ծանոթանալ Հրաչյա Հարությունյանի գործի նյութերին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը: Հիշեցնենք, որ փաստաբանին հրավիրել են ՌՀՄ-ի նախաձեռնությամբ:
«Մենք չենք ձգտում պաշտպանել Հրաչյա Հարությունյանին: Սակայն կարծում ենք, որ անհրաժեշտ է ապահովել արդար դատավարության անցկացումը եւ օրինականությունը», - նշել է ՌՀՄ-ի փոխնախագահը: Ըստ նրա՝ Ռուբեն Մարգարյանն արձագանքել է առաջարկին եւ շուտով գործի կանցնի:
ՌՀՄ-ի փոխնախագահը հատկապես ընդգծել է իր կազմակերպության գործադրած ջանքերը՝ ողբերգական պատահարը միջազգային հարաբերությունների հարթություն չտեղափոխելու հարցում: «Ցանկանում եմ նշել, որ ՌՀՄ-ն այս դեպքում էլ փորձում է աջակցել ահավորվթարի զոհերի հարազատներին», - նշել է Մուքանյանը, հավելելով, որ օգնությունը ցուցաբերվում է, ոչ թե նրա համար, որ վթարի ենթադրյալ մեղավորը հայ է: ՌՀՄ-ն օգնություն է ցուցաբերել նաեւ այլ պատահարներում տուժածներին, օրինակ՝ ջրհեղեղներից կամ հրդեհներից տուժածներին:
ՌՀՄ-ն պատրաստ է օգնել նաեւ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին: «Հաշվի առնելով, որ նա պաշտպանել է հայրենիքը, մենք պատրաստ ենք աջակցել նրա ընտանիքին, տեղադրել նրա որդու շիրմաքարը», - նշել է Լեւոն Մուքանյանը:
Նոր Մոսկվայի պատահարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին: Խիճ տեղափոխող բեռնատարը Օզնոբիշինո գյուղի մերձակայքում մեծ արագությամբ բախվել էր ուղեւորատար ավտոբուսին՝ ճեղքելով այն: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը փորձում է խուսանավել հարվածից եւ կտրուկ շրջում է ղեկը: Այդ մանեւրի արդյունքում բեռնատարը նետվում է ավտոբուսի վրա: «ԼիԱԶ»-ը երկու մասի է բաժանվում եւ ուղեւորների վրա տոննայով խիճ է լցվում:
Ողբերգության զոհ էր դարձել 18 մարդ, տասնյակները տեղափոխվել էին հիվանդանոց:




























