Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը դիմում է գրել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ ազատվելու հոգեւոր ծառայությունից, բայց դեռ չունի Վեհափառ հայրապետի բարձր կարգադրությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝  տեր Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը:

«Ես հրաժարական չեմ ներկայացրել, այլ դիմել եմ Վեհափառ հայրապետին՝ օգոստոսի 31-ից իբրեւ Սուրբ Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցուհոգեւոր հովիվ հոգեւոր ծառայությունը դադարեցնելու համար: Այս պահին ես ծառայության մեջ եմ եւ սպասում եմ Վեհափառ հայրապետի բարձր կարգադրությանը եւ հայրապետական տնօրինությանը»,-ասաց նա:

Անդրադառնալով իր եւ Ս. Հակոբ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սրմաքեշի միջեւ հարաբերություններին, տեր Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը ճշտելով ասաց հետեւյալը. «Նախ եկեղեցում հոգաբարձուների խորհուրդ գոյություն չունի, այլ կա ծխական խորհուրդ, որի ատենապետն է տիար Տիգրան Յազմաչյանը, իսկ Վարդան Սմրաքեշը ազգային բարերար է, ինչպես շվեյցարահայ համայնքի ազգային այլ ներկայացուցիչները, որոնք սատարում են եկեղեցական եւ ազգային ծրագրերին: Ես հրաշալի հարաբերության մեջ եմ «Ֆրանկ Մյուլլեր»-ի սեփականատեր Վարդան Սրմաքեշի հետ, որի միջոցով ոչ միայն Հայաստանում եւ Արցախում բարեգործական ծրագրեր են իրականացել, այլեւ Շվեյցարիայում բազմաթիվ հայորդիներ աշխատանք են գտել եւ օժանդակություններ ստացել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ըստ «Ժամանակ» թերթի տեղեկությունների՝ նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսին իր հրաժարականն է ներկայացրել Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հայրիկ Աբեղա Հովհաննիսյանը։ «Տեղեկություններ կան, որ տեր Հայրիկը խնդիրներ է ունեցել Ս. Հակոբ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սրմաքեշի հետ, ով շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» հայտնի ժամացույցների գործարանի փայատեր է եւ գլխավոր տնօրենը։

Նշենք, որ մեծահարուստ Վարդան Սրմաքեշը, ով թեեւ դիվանագիտական ճանապարհ չի անցել, անցյալ տարի նշանակվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոս»,- գրել է «Ժամանակը» ։