Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների պաշտպանության կոմիտեի նախագահ, առաջին խմբի հաշմանդամ Մագրուր Բադալսոյը ՆԳՆ աշխատակիցներին մեղադրել է շորթումների մեջ:
Ինչպես փոխանցում է contact.az-ը, մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ այդ կառույցի աշխատակիցները եկել են այն կրպակ, որը պատկանում է Ղարաբաղի պատերազմի հաշմանդամների պաշտպանության կոմիտեի անդամներին, ապօրինաբար ձերբակալել են վաճառողին եւ դրամարկղից տարել 15 հազար մանաթ:
Ընդ որում ձերբակալության որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել: Գումարի առգրավման վերաբերյալ ակտեր չեն կազմվել:
Կոմիտեի նախագահը դիմել է ՆԳՆ հերթապահ մասին, դատախազությանը, օմբուդսմենին, սակայն ապարդյուն: Բադալսոյը նշել է, որ չնայած իրավապահ մարմինների ղեկավարությանը դիմելուն` որեւէ հետաքննություն չի իրականացվում: Նա նշել է, որ նմանատիպ գործողություններ առաջին անգամը չէ, որ իրականացվում են:





























