Թունիսի իշխանությունները աշխարհիկ ընդդիմության առաջնորդ Մուհամեդ ալ Բրահմիի սպանության մեջ մեղադրել են սալաֆիների շարժման իսլամիստներին, հաղորդում է Agence France-Presse-ը: Հուլիսի 26-ին այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լոթֆի բին Ջեդուն: Ըստ նրա՝ քննության ընթացքում ոստիկանությունը դուրս է եկել ծայրահեղական Բուբաքեր Հաքիմի հետքի վրա, որը հետախուզման մեջ է Լիբիայից մաքսանենգությամբ զենք տեղափոխելու համար:
Պարզվել է նաեւ, որ ալ Բրահմին սպանվել էր նույն զենքից, որից որ «Հայրենասեր դեմոկրատների» շարժում կուսակցության առաջնորդ Շուքրի Բելեյդը, որին գնդակահարել էին 2013թ. փետրվարին, հաղորդում է Reuters-ը: Եվ ալ Բրահմին, եւ Բելեյդը նույն դաշինքի անդամ էին, որը պայքարում է հանուն պետության աշխարհիկ զարգացման:
Բին Ջեդուն հիշատակել է նաեւ ոմն Լութֆի ալ Զայնի, որը Բուբաքեր Հաքիմի հետ ընդգրկված է 14 մարդուց բաղկացած խմբում, հաղորդում է BBC News-ը: Թե ինչ կարգավիճակ ունի այդ գործում ալ Զայնը, չի հաղորդվում, գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ Մուհամեդ ալ Բրահմիին սպանել էին հուլիսի 25-ին՝ իր մեքենայում: Մարդասպանը նրա վրա կրակել էր մոտոցիկլետով մեքենայի կողքից սլանալիս: Հարազատները հանցագործության մեջ մեղադրել էին իշխող «Վերածննդի կուսակցությանը»:
Ընդդիմադրի սպանությունը դարձել էր բողոքի զանգվածային ցույցերի պատճառ Թունիսում: Ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել՝ ներքին գործերի նախարարության շենքի դիմացից ցուցարարներին ցրելու համար: Բացի դրանից, ընդդիմադիրները գրոհել էին «Վերածննդի կուսակցության» շենքերը:





























