Կարմրուկի դեմ մեծահասակների պատվաստումներն անցկացվում են միայն մանկական պոլիկլինիկաներում, առաջին հերթին ելնելով դրանց անկացման անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Այս մասին NEWS>am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության իմունային կանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ կարմրուկի դեմ պատվաստման փորձ ունեն մանկական պոլիկլինիկաները, քանի որ հենց նրանք են զբաղվում այդ գործով: «Հաշվի առնելով այդ փաստը, նախարարությունում որոշվել է, որ կարմրուկի դեմ մեծահասակների պատվաստումները եւս անցկացվեն մանկական պոլիկլինիկաներում»,-նշեց Գայանե Սահակյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ պատվաստման համար անհրաժեշտ է բուժող թերապեւտի եզրակացությունը՝ հակացուցումների առկայության վերաբերյալ:

Նշենք, որ ավելի վաղ առողջապահության նախարարության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ պատվաստում կարելի է անցնել բոլոր պոլիկլինիկաներում: