«Lydian International» ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քոլինը ցրել է «Ամուլսարի» նախագծի հետ կապված մտահոգությունները` հայտարարելով, որ հանքավերամշակման նոր օբյեկտի կառուցումը  Սեւանա լճի թունելի վրա ազդեցություն չի ունենա: Այս մասին գրում է «Proactive Investors» կայքը:

Քոլինի մեկնաբանություններն արվել  են Հայաստանի կառավարության կողմից Սեւանի ջրահավաք ավազանի սահմանների փոփոխության մասին նախագիծն ընդունելուց հետո: Փոփոխված գոտին, որտեղ արգելվելու է հանքարդյունահանումը, ներառում է նաեւ նոր օբյեկտի կառուցման տարածքը: Այդ նորության արդյունքում ընկերության բաժնետոմսերի գները նվազել էին 31%-ով:

Քոլինն ասել է, որ անկախ խորրդատուների կողմից իրականացված նախորդ հետազոտությունները սթրեսային ազդեցություն չեն արձանագրել թունելի վրա: Նրա խոսքով` այդ օբյեկտում անգամ հնարավոր աղետի դեպքում արտահոսքը կլինի դեպի ներքեւ, հեռու թունելից: «Այսպիսով, առաջարկվող օբյեկտը ոչ մի ազդեցություն չի ունենա թունելի վրա»,-ընդգծել է նա:

Ընկերությունը հրավիրվել է մասնակցելու կառավարության հետ համատեղ աշխատանքային խմբին,  որի նպատակը խնդրի կարգավորումն է: Ջրահավաք ավազանի գոտու փոփոխությունը բերում է ընկերության վերանայված տեխնիկատնտեսական հիմնավարման հրապարակման ձգձգմանը: