Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտը 2014 թ-ին պատրաստվում է ISO-ի մի շարք ստանդարտներ ընդունել` լեռնամետալուրգիական արդյունաբերության համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ինստիտուտի ստանդարտացման հարցերով փոխտնօրեն Գեւորգ Նազարյանը:
Նրա խոսքով` լեռնամետալուրգիական ոլորտի փորձագետների եւ մասնագետների մասնակցությամբ տեխնիկական հանձնաժողովը նախատեսում է գումարել մինչեւ 2013թ. վերջը, իսկ ISO-ի ստանդարտների քննարկումն ու դրանց ընդունումը նախատեսվում է ընդունել մինչեւ 2015թ-ը:
Ընդունելիք ստանդարտների շարքում են պղնձի, կապարի, ցինկի եւ նիկելի խտանյութի չորացման դեպքում զանգվածի կորստի (ISO 10251:2006), պղնձի սուլֆիդի խտանյութում պղնձի որոշման (ISO 10258:1994), պղնձի եւ այլ խտանյութերում երկաթի չափաբաժնի որոշման (ISO 13543:1996) եւ մի շարք այլ չափանիշներ:
«Ստանդարտները ոչ միայն նպատակային ցուցանիշներ են նախատեսում, այլեւ արտադրության մեջ դրանց հասնելու մեթոդներ: Դա մեր լեռնամետալուրգիական ընկերություններին թույլ կտա լավագույնս պատրաստվել արտահանմանը, հատկապես ԵՄ, որտեղ ստանդարտների տվյալներին մեծ ուշադրություն է դարձվում»,-նշեց Նազարյանը:





























