«Հրապարակը» գրում է, թե Նոյեմբերյանի զորամասում մայիսի 16-ին Լյուքս Ստեփանյանի սպանության նախաքննությունը դեռ չի ավարտվել:
«Այս մասին երեկ մեր թերթի հետ զրույցում ասաց Լյուքսի հայրը՝ Իշխան Ստեփանյանը: Վերջինս իր վրդովմունքը հայտնեց քննչական մարմնի հետ կապված: Ասաց, որ քննիչ Արմեն Սմբատյանն իրեն դեռ մեկ ամիս առաջ էր վստահեցրել, որ գործը մի քանի օրից կավարտվի ու կուղարկվի դատարան, սակայն անընդհատ հետաձգվում է, ինչն իրեն անհասկանալի է:
Իշխան Ստեփանյանն ասաց նաեւ, որ իր հարցապնդումներին, թե ինչն է պատճառը, որ ամեն անգամ իրեն խաբում են, քննիչն ասել է, թե մյուս վիրավորը՝ Հրաչյա Սարգսյանը, ի վիճակի չէ բացատրություն տալու: Թեեւ հիշողությունը վերականգնվել է, բայց չի հիշում այդ օրվա միջադեպը: Իշխան Ստեփանյանը մեր թերթի միջոցով պահանջում է պատկան մարմիններից օբյեկտիվ նախաքննություն իրականացնել եւ մեղավորներին պատժել:
Որդեկորույս հայրը հակված չէ հավատալու այն ամենին, ինչ իրեն ներկայացնում են, քանի որ քանիցս հորդորել է տեխնիկապես ցույց տալ կրակոցների այն սխեման, որով կարող էր մահացու հարված ստանալ իր որդին, սակայն դա չի արվում: Նշենք նաեւ, որ Իշխան Ստեփանյանը մեկ ամիս առաջ հանդիպել է Սեյրան Օհանյանին, ով խոստացել է, որ ամբողջությամբ կբացահայտվի սպանությունը, եւ մեղավորներն արժանի պատիժ կկրեն»,- գրում է թերթը:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am





























