«Ավելի մաքուր Երեւան» նախաձեռնության մաքրման աշխատանքների հերթական տարածքն այսօր՝ հուլիսի 27-ին, եղել է  Փարոսի անտառ-պուրակը։ Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած ծրագրով արդեն մեկ ամիս է, կամավորների ներգրավմամբ, շաբաթ օրերին սանմաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի  հանրային օգտագործման կանաչ տարածքներում։

Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ արդյունքը գոհացուցիչ է։ «Մեր սպասումներն արդարացան. քաղաքացիները, յուրաքանչյուր հավաքին տարբեր կազմակերպություններ, արձագանքելով քաղաքապետի կոչին, այսօր մեր կողքին են, «Ավելի մաքուր Երեւանի» աջակիցներն են եւ մեծ օգուտ են բերում Երեւանի հանրային մեծ, կանաչ տրածքները միահամուռ մաքրելուն, քաղաքը մաքուր պահելու կոչը օրինակով տարածելուն»,– նշել է Կառլեն Ղազարյանը։

«Ավելի մաքուր Երեւան» նախաձեռնության՝ Փարոսի անտառ-պուրակում կազմակերպված սանմաքրման աշխատանքներիn անդամագրվել էին շուրջ 400 քաղաքացիներ, որոնց թվում էին կրտսեր եւ ավագ երկրապահներ։

«Ավելի մաքուր Երեւան» ծրագրի հաջորդ  հավաքը օգոստոսի 3-ին է, Ծիծեռնակաբերդում։