Դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն իր պարտքն է համարել մասնակցել ակցիաներին ու օգնել այն մարդկանց, որոնց համար 50 դրամն իսկապես էական նշանակություն ունի: Երեւանում Free car ակցիան նախաձեռնած Հայկ Մարությանն այդ մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի Facebook-յան ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչու եւ ինչպե՞ս որոշեց մասնակցել այդ ակցիային:

«Իրոք սա էն վերջին կոպեկներն էր մարդկանց, որ չէին տեղավորվում: Քաղաքապետարանն ասում է՝ բարձրացնում ենք գները, որ լուծենք որակի հարցը: Կներեք, բայց մենք պետք է տեսնենք ինչի համար ենք վճարում: Իսկ այդպես ավանսով․․․ գուցե չտեսնե՞նք», – ասել է դերասանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե միանալու է արդյոք քաղաքապետարանի բակում նստացույց հայտարարած երիտասարդներին, Մարությանը պատասխանել է, որ նրանց գրեթե բոլոր պահանջների հետ համաձայն է, բայց չի ցանկանում, որ իր պայքարը քաղաքականացվի, նա քաղաքական որոշակի ենթատեքստ է տեսնում՝ հենց քաղաքապետի հրաժարականի պահանջի հետ կապված: Ըստ նրա՝ ակցիային միացածների շարքում կային նաեւ Հանրապետական կուսակցության անդամներ: Դերասանի խոսքով՝ եղել են մարդիկ, ովքեր իրեն խորհուրդ են տվել չմասնակցել այս ակցիային:

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե ակցիային  միացած երգիչ-երգչուհիներից շատերը 2 երգի համար 5000 դոլար են ուզում, թող այդ 5000 դոլարները ներդնեն ու մի քանի երթուղի անվճար շահագործեն՝ Մարությանը հակադարձել է. «Չեմ կարծում, որ ուրիշի անձնական փողերը հաշվելը պատվաբեր գործ է: Իսկ պետության փողերը հաշվելը շատ պատվաբեր ու պետքական գործ է: Կոչ եմ անում պարոն Սահակյանին ու մյուսներին, որ հետեւեն թե ո՞ւր են գնում պետության փողերը»: