Հայաստանի հինգ բուհերում ուսման վարձն ավելացել է; Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին հայտարարել է Հայաստանի հանրային խորհրդի երիտասարդության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բարձրացումը 100-150 հազար դրամ է կազմել, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ 200 հազար դրամ։ «Հայաստանի պետական ճարտարագիտական  համալսարանում բարձացումը 15% է։ Բոլոր այս տվյալները չեն համապատասխանում ԿԳ նախարարի հայտարարություններին, որը պնդում էր, որ բարձրացումը 20-100 հազար դրամի շրջանակում կլինի»,- ընդգծել է Հռիփսիմե Մարգարյանը։

Անդրադառնալով ուսման վարձի բարձրացման դեմ պայքարի միջոցներին՝ նա նշել է, որ ծրագրվում է հանդիպումներ կազմակերպել այն բուհերի ուսխորհուրդների նախագահների հետ որտեղ ուսման վարձը թանկացել է։

 «1-2 շաբաթում ենթահանձնաժողովը հետագա գործողությունների ծրագիրը կներկայացնի»,- հավելել է Հռիփսիմե Մարգարյանը։

Մամուլի ասուլիսի մեկ այլ բանախոս, ակտիվիստ Ռուբեն Ալանաքյանը հայտարարել է, որ Հայաստանում կրթական միջավայրը չի բարելավվել։

 «Վճարովի ուսուցումը չի նպաստել կրթական միջավայրի բարելավմանը։ Պետք է մտածենք ոչ թե ուսման վարձն ավելացնելու, այլ միջոցներն ավելի նպատակաուղղված օգտագործելու մասին»,- հավելել է նա՝ նշելով, որ ուսման վարձի բարձրացման դեմ պայքարի միանգամայն ընդունելի ձեւ է ուսանողների բողոքի շարժումը։