Այսօր՝ հուլիսի 27-ին կյանքի 80-րդ տարում մահացել է հայտնի կինոօպերատոր եւ ռեժիսոր Մարտին Շահբազյանը:

Մարտին (Մարտունի) Վարշամի Շահբազյանը ծնվել է 1933թ. Սպիտակ քաղաքում: 1956 թվականից աշխատել է «Հայֆիլմ» ստուդիայում՝ որպես օպերատոր եւ ռեժիսոր: «Մարդը Օլիմպոսից», «Հայրիկ», «Հեղնար Աղբյուր», «Նռան գույնը», «Լալվարի որսորդը», «Եռանկյունի», «Գիքորը», «Բաղդասարը բաժանվում է կնոջից» ֆիլմերի օպերատորն է: Հեղինակ է 200-ից ավելի վավերագրական ֆիլմերի:

Օպերատորի դուստրը՝ Իռեն Շահբազյանը NEWS.am-ին հայտնեց, որ հայրը մինչեւ 2012 թվականն աշխատել է Երեւանի Մանկավարժական համալսարանում, իսկ մինչ մահը՝ «Հայք» վավերագրական ֆիլմերի ստուդիայում:

Անվանի օպերատորը մահացել է թոքերի քաղցկեղից: