Երեւանի քաղաքապետարանի շենքի առջեւ շարունակվում է օրեր առաջ սկսված նստացույցը, որի մասնակիցները պահանջում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ մի շարք պաշտոնյաների հրաժարականը:
Քաղաքապետարանի շենքը հսկում են ոստիկանները, իսկ ակտիվիստներին շենքի առջեւից հեռացնելու համար քաղաքապետարանը շարունակում է մայթը ոռոգելու արատավոր պրակտիկան՝ ակտիվիստներին զրկելով շենքի առջեւ գտնվող կանաչ գոտու վրա իրենց բողոքը հայտնելու հնարավորությունից:
Ակտիվիստները դիմել են Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ նշելով, որ եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը չդադարի քաղաքապետարանի դիմացի մայթը գազոնի ոռոգման ջրով ջրել՝ այդպիսով իրենց բողոքի իրավունքը իրացնող քաղաքացիներին զրկելով կանգնելու տարրական հնարավորությունից՝ մայթից, եթե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անհապաղ չապահովի նստացույցի մասնակիցներին կանգելու համար անհրաժեշտ մայթով, ապա նստացույցի մասնակիցները ստիպված կլինեն կանգնել հենց քաղաքապետարանի դիմացի փողոցում՝ դրանով խոչընդոտելով երթեւեկությունը։ «Նման քայլի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է այս երկու պաշտոնյաների վրա»,- նշել են նրանք:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետը կասեցրել է հասարակական տրանսպորտի թանկացման որոշման գործողությունը, սակայն ակտիվստները պահանջում են պատասխանատվության ենթարկել ապօրինի որոշման հեղինակներին, նաեւ պատժել ակտիվիստների նկատմամբ բռնություններ կիրառած, եւ հայհոյախես պաշտոնյաներին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























