Վայոց Ձորի  մարզի մարզկենտրոնում` հուլիսի 28-ին հանդիսավոր պայմաններում նշվել է 4-րդ զորամիավորման կազմավորման 16-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, զորամիավորումների հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների բարձրաստիճան սպաներ եւ պետական այրեր:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հանրապետության տարբեր մարզերից ժամանած հյուրերին, ԶՈւ 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ներկայացրել է զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին եւ ձեռքբերումները:

Նա մասնավորապես նշել է, որ զորամիավորման անձնակազմը մշտապես զգացել է մարզի ղեկավարության եւ բնակչության հոգատարությունը: Գեներալ-մայոր Մակարյանը նաեւ հավաստիացրեց, որ «զորամիավորման անձնակազմը անելու է առավելագույնը` մարտական պատրաստության առավել բարձր ցուցանիշներ արձանագրելու եւ հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործում»:

Իր եւ պաշտպանության նախարարության կողմից շնորհավորելով ներկաներին 4-րդ զորամիավորման կազմավորման տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ այս օրը եզակի է իր բնույթով, քանի որ նշվում է ոչ թե զորամիավորման զորամասերից մեկի պարիսպների ներսում, այլ մարզկենտրոնում, եւ դա պատահական չէ, քանի որ ժողովրդի ծոցից ծնունդ առած եւ նրա անվտանգության երաշխավորը հանդիսացող ազգային բանակն իր ժողովրդի հետ պետք է դիմավորի բանակային յուրաքանչյուր տոն: Նախարարը նաեւ հավելեց, որ զորամիավորման կազմավորման տարեդարձն առիթ է հետադարձ հայացք նետելով` իրավմամբ հպարտանալու 21 տարիների ընթացքում մեր բանակի անցած հաղթական ճանապարհով ու ձեռքբերումներով:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ պարգեւատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զորամիավորման մի շարք զինծառայողներ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության եւ օրինակելի զինվորական կարգապահության համար պարգեւատրվեցին գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով եւ պատվոգրերով:

Հանդիսավոր միջոցառումն ավարտվել է զորահանդեսով, ապա ներկայացվել են Հայկական բանակի սպառազինության մի շարք նմուշներ: