Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի Մարութա (Մարաթուկ) սարի ամենամյա ուխտին են մասնակցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայեր:
Ինչպես տեղեկացնում է թուրքական DHA լրատվական գործակալությունը, Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըի գլխավորությամբ հայերը բարձրացել են Սասունի Մարութա սար, մոմ վառել եւ աղոթելՄարութա Բարձր Աստվածածին մատուռում:
Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն նշել է, թե դեպի Մարութա սարի գագաթ սկսել են բարձրանալ հուլիսի 29-ին, առավոտյան ժամը 04:00-ին: Նա շեշտել է, թե Մարութա սար բարձրանալ ցանկացող հայեր շատ են եղել, սակայն ճանապարհների վատ լինելու պատճառով իրենք մերժել են ընդունել՝ խոստանալով հաջորդ տարի արդեն վերանորոգված ճանապարհներով մեծ խմբով մասնակցել ուխտին:
Նշենք, որ Մարութա սարը գտնվում է Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառում եւ եղել է սասունցիների սիրած եւ պաշտելի սարը, որը կոչվել է նաեւ Մարաթուկ։




























