Հայաստանի կառավարությունը հաստատել է ֆինանսավորման նոր հայեցակարգը, համաձայն որի առողջության առաջնային պահպանման հիմնարկները 2014թ. հունվարի 1-ից կֆինանսավորվեն բժշկի մոտ բնակչության կցագրման հիման վրա: Այս մասին, հուլիսի 29-ին, Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Քերեն Հիլարդը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դերենիկ Դումանյանը նշել է, որ մոտեցումները նույնն են նաեւ երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության ուղղությամբ։ Այդ ոլորտը կարգավորելու նպատակով նախարարությունն օրենքի նախագիծ է մշակել, որն արդեն ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվել։ Նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ինչպես այս, այնպես էլ ընտանիքի պլանավորման ոլորտներում առաջիկայում լուրջ ձեռքբերումներ կարձանագրվեն։
Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ վերջերս ԱՄՆ-ում կայացած հայ բժիշկների հերթական` 11-րդ համագումարն արդյունավետ էր նաեւ Հայաստան-սփյուռք համատեղ ծրագրերի ընդլայնման ուղղությամբ։ Նա մասնավորապես նշել է ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհաննեսյանի հետ մարզային ակնաբուժական կենտրոններ ստեղծելու ծրագիրը։
Նախարար Դումանյանը, բարձր գնահատելով ԱՄՆ կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող առողջապահական ծրագրերը։
Դեսպան Հեֆերնը բարձր գնահատելով նախարարության աշխատանքը, նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջինն էր, ում հետ ԱՄՆ ՄԶԳ սկսեց աշխատել ուղղակի, այլ ոչ թե առանձին կազմակերպությունների միջոցով։ Եվ ծրագրի հետագա ֆինանսավորման հիմնական փաստարկ ընդունվել է նախարարության վստահելի գործընկեր լինելու հանգամանքը:
ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Քերեն Հիլարդն ընդգծել է, որ ՀՀ առողջապահության նախարարության եւ Հայաստանում աշխատելու երկարատեւ փորձառություն ունեցող Յունիսեֆ-ի հետ ուղղակի աշխատանքն ավելի նպաստավոր կլինի ոլորտի կարիքներին համահունչ տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու գործում։ Նա ներկայացրել է առաջիկա երեք տարիների համագործակցության համար անհրաժեշտ մի շարք պայմանները, ինչպես նաեւ ակնկալվող բարձր արդյունքները։





























