Երեւանն անտառաշերտի բուֆերային գոտիով շրջապատելու ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են. տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել նաեւ «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու եւ Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաեւ ծառատունկ է նախատեսվում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոռոգման ցանցի ընդլայնման 2013թ.  ծրագրի շրջանակում շուրջ 70 հա կանաչ զանգված արդեն լիովին ոռոգելի է դարձել: 

Երեւանի համաչափ զարգացման համատեքստում քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Կանաչապատման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում անցած կիսամյակում տնկվել է շուրջ 40 հազար ծառ եւ թուփ, կրապատվել են 34 հազար եւ ձեւավորվել 16 հազար տարբեր տեսակի ծառեր:  Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքներն արդեն զարդարում են շուրջ  2 մլն բազմերանգ ծաղիկներ: Այս ուղղությամբ լրացուցիչ աշխատանքները դեռեւս շարունակվում են:

Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաեւ սիզամարգերի ծավալը:  Անցած վեց ամիսների ընթացքում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, եւս 10 հա գոյություն ունեցող սիզամարգեր էլ թարմացվել են:  Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում եւ սիզամարգերում տեղադրվել են շուրջ 40 գեղարվեստական կոմպոզիցիաներ,  եւս 30-ի տեղադրման աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: 

Երեւանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի: