Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում  ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

ՄԻՊ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանը դեռեւս իր նախորդ տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին: Համաձայն ծրագրի՝  մինչեւ 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, մինչդեռ, ծնողները, ունենալով անվճար բուժօգնության համար անհրաժեշտ փաստաթուղթ, հաճախ ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:

Խնդրի բարձրաձայնումից անցել է շուրջ մեկ տարի, սակայն դրական առաջընթաց չի գրանցվել: Ավելին, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ նմանատիպ խախտումների վերաբերյալ, հատկապես՝ «Գյումրիի մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի դեմ: Այս մասին Պաշտպանը պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարին, սակայն, որեւէ հստակ պատասխան չի ստացել, թե արդյոք իրավախախտները ենթարկվե՞լ են պատասխանատվության, թե՝ ոչ:

Այսպիսով, «Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում  ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում»,- նշում է Կարեն Անդրեասյանը  եւ մեկ անգամ եւս հիշեցնում, որ հավաստագիրը հանդիսանում է հիվանդանոցային հաստատության կողմից մատուցվող անվճար բժշկական ծառայությունների կազմակերպման հիմք: Այն պոլիկլինիկայի ուղեգրի եւ ծննդյան վկայականի հետ միասին ներկայացվում է երեխայի հիվանդանոցային բուժօգնությունը իրականացնող բուժհաստատություն, իսկ անհետաձգելի օգնություն պահանջող  դեպքերում հոսպիտալացումը կարող է իրականացվել բժշկի եզրակացության հիման վրա:

Պաշտպանը կոչ է անում  քաղաքացիներին նման խնդրի հանդիպելիս  դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, իսկ Առողջապահության նախարարությանը հորդորում է իրագործել «Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի ներդրման մասին» հրամանի դրույթներն   ու լիարժեք ապահովել երեխաների անվճար բուժօգնության իրավունքը: