Հայ հասարակությունում կանայք շատ հաճախ հանդուրժում են իրենց ընտանիքներում տիրող բռնությունը տարբեր գործոնների պատճառով՝ անչափահաս երեխաներ, ֆինանսական անկախության բացակայություն, վախ հանրային կարծիքից: Այս մասին հուլիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի հիմնադիր եւ տնօրեն Աննա Արուճյանը:
Նրա խոսքով՝ բոլոր ավանդական կարծրատիպերը, որոնք գոյություն ունեն հայ հասարակությունում, բացասաբար են անդրադառնում բռնության ենթարկվող կանանց վրա: «90 տոկոս դեպքերում, որոնցով զբաղվում է մեր հասարակական կազմակերպություն, առկա է ոչ միայն տղամարդու գործոնը, այլեւ շատ ակտիվ է սկեսրոջ դերը»,-ընդգծել է Աննա Արուճյանը, հավելելով, որ այնքան էլ ճիշտ չէ միշտ մեղադրել կնոջը, որ նա հանդուրժում է բռնությունը:
Ինչպես Արուճյանն է հայտրարել, Արագ արձագանքման խումբը, որը գործում է կազմակերպության շրջանակներում, վերջին տարվա ընթացքում պարզել է, ուսումնասիրել եւ արձագանքել գենդերային հիմքով ընտանեկան բռնության 20 դեպքերի: «14 դեպքերում գրանցվել է ֆիզիկական բռնություն, որոնցից 7-ը մահացու ավարտ են ունեցել: Նկատելի է դրական միտում, որ բռնության մասին սկսել են խոսել, սակայն դա բնավ չի նշանակում, որ բռնության դեպքերի թիվն աճում է»,-եզրափակել է Արուճյանը:
Ընդգծենք, որ Արագ արձագանքման խմբի նպատակն է բացահայտել Հայաստանում, մասնավորապես՝ մարզերում, ընտանեկան բռնությունների դեպքերը, ինչպես նաեւ հետեւել դրանց արդար հետաքննությանը եւ թափանցիկ դատական գործընթացին: Խումբը բաղկացած է քննիչ-լրագրողից, սոցաշխատողից եւ փաստաբանից: Արագ արձագանքման խմբի շրջանակներում ստեղծվել է օնլայն հարթակ՝ www.rru.swv.am, որը հնարավորություն է տալիս ցանկացած տեղից եւ ցանկացած ժամանակ տեղեկություններ փոխանցել ընտանեկան բռնության վերաբերյալ:





























