Հայաստանյան բուհերից 10-ը 2013 թ. առաջին կիսամյակի արդյունքներով տեղ են գտել հանրապետության խոշոր հարկատուների առաջին հինգհարյուրակում: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նման բուհերի քանակն ավելացել է 2-ով: Ավելին` բուհերից երկուսն այս տարի տեղ են գտել նույնիսկ խոշոր հարկատուների առաջին հարյուրակում:

Խոշոր հարկատու-բուհի ցուցակն այս տարի գլխավորում է Երեւանի պետական համալսարանը` ետ մղելով Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին: Այսպես` ԵՊՀ-ն վճարել է 735 մլն դրամ հարկ եւ զբաղեցնում է խոշոր հարկատուների մեջ 80-րդ հորիզոնականը (2012 թ. առաջին կիսամյակում` 307 մլն դրամ եւ 147-րդ տեղ), իսկ բժշկական համալսարանը վճարել է 720 մլն դրամ հարկ եւ զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը (2012 թ.` 400 մլն դրամ եւ 109-րդ տեղ):

Այսպիսով` այս երկու խոշոր բուհերը մոտավորապես կրկնակի ավելի հարկ են վճարել, քան նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում:

Բուհերից երրորդ խոշոր հարկատուն Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտն է` 350 մլն դրամ եւ 160-րդ տեղ (2012 թ.` 153 մլն դրամ եւ 272-րդ տեղ): Նրան հետեւում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (պոլիտեխնիկ)` 293 մլն դրամ եւ 188-րդ տեղ (2012 թ.` 111 մլն դրամ եւ 376-րդ տեղ):

Խոշոր հարկատուներ են նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը` 250 մլն դրամ եւ 214-րդ տեղ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը` 241 մլն դրամ եւ 219-րդ տեղ, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը` 180 մլն դրամ եւ 298-րդ տեղ, Հայաստանի ամերիկյան համալսարանը` 176 մլն դրամ եւ 304-րդ տեղ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը` 176 մլն դրամ եւ 305-րդ տեղ, Ռուս-հայկական համալսարանը` 158 մլն դրամ եւ 342-րդ տեղ:

Բոլոր այս բուհերը զգալի ավելացրել են հարկերի վճարումը, որոշ դեպքերում` մինչեւ 3 անգամ: