Բրիտանիայում վաճառքի է հանվել High Protein հացը, որը հատուկ նախատեսված է այն մարդկանց համար, որոնք սպիտակուցային դիետա են պահում: Ավելի վաղ նրանց խորհուրդ չէր տրվում ուտել սովորական սպիտակ հաց, սակայն քիչ չէին նրանք, ում այն դուր էր գալիս: Այս հացի մեկ կտորում առկա է 15 գրամ սպիտակուց, մինչդեռ ածխաջրերի մակարդակը իջեցվել է մինչեւ 13,9 գրամի: Նոր հացի արժեք կկազմի 5 ֆունտ:

High Protein-ի արտադրողները բարձր գինը բացատրում են նրանով, որ այս հացը պատրաստվում է հատուկ բաղադրատոմսերով եւ նախատեսված է փոքրաթիվ սպառողների համար: Այն սովորական հացից տարբերվում է ոչ միայն գնով, այլեւ սպիտակուցների եւ ածխաջրերի քանակությամբ: Այն նաեւ քաշով է ծանր՝ մոտ 850 գրամ, ինչը մոտ 3 անգամ ավել է ավանդական սպիտակ հացից: Իսկ ահա համային առումով գրեթե դժվար է դրանք տարբերակել: Հենց նման արդյունքի էլ ցանկանում էին հասնել արտադրողները, փոխանցում է MedikForum.ru-ն:

High Protein-ի ստեղծողները հուսով են, որ այս հացը մեծ պահանջարկ կունենա նրանց շրջանում, ովքեր ֆիտնեսի սիրահար են եւ միաժամանակ սիրում են հաց օգտագործել՝ միեւնույն ժամանակ պահպանելով իրենց սպիտակուցային դիետան: Ընդհանուր առմամբ, հացը օգտակար է նաեւ առողջության համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ Օմեգա-3 ճարպաթթուներ: High Protein-ի օգտագործումից հետո կուշտ լինելու զգացումը շատ ավելի երկար է տեւում, քան սովորական հաց օգտագործելիս: