«Հասունացող գործադուլի» մասին լուրերը խիստ չափազանցված են, NEWS.am-ի թղթակցին ասել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումը:
Չթաքցնելով որոշակի խնդիրների առկայությունը՝ Կամո Հովհաննիսյանը նշել է, որ դրանք թատրոնի ներքին հարցերն են: Տարատեսակ հարցեր եղել են թատրոնի ստեղծման օրվանից, ինչպես դա լինում է այլ ստեղծագործական կոլեկտիվներում: Դա ստեղծագործական գործընթաց է: Ստեղծագործական կոլեկտիվներում հաճախ են տարակարծություններ լինում», - նշել է թատրոնի տնօրենը:
Ըստ նրա՝ հասունացող գործադուլի» մասին լուրերը խիստ չափազանցված են: «Դա այդպես չէ, մենք շատ լավ կոլեկտիվ ունենք», - նշել է Կամո Հովհաննիսյանը:
«Հրապարակը» թերթը գրել էր, որ ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի դեմ ըմբոստություն է հասունանում: Դժգոհությունները միայն դիրիժորների կողմից չեն. Դուրգարյանից դժգոհ են նաեւ օպերային մի շարք երգիչներ, գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը, փոխտնօրեն Լեւոն Ջավադյանը:





























