Բարձր կամ ցածր ճնշումը ոչ մի կապ չունի: Գլխավորն այն է, որ եթե  կան ճնշման տատանումներ, մարդուն տկարամտություն է սպառնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով մասնագետների միջազգային խմբի աշխատությունը:

Նիդեռլանդների, Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները վերլուծել են ճնշման տատանումների կապը մտավոր ունակությունների հետ՝ 70-82 տարեկան տարեց 5500 կամավորների մոտ: Բոլոր մասնակիցները եղել են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկային խմբում: Ընդհանուր առմամբ, դիտարկումը տեւել է երեք տարի:

Երեք ամիսը մեկ գիտնականները չափել են արյան ճնշումը: Իսկ գլխուղեղի աշխատանքը չափվել է թեստերի միջոցով: Պարզվել է, որ որքան մեծ է եղել այդ տատանումների  տարբերությունը, այնքան մարդը վատ է հանձնել թեստերը: Աճել է կաթվածի վտանգը:

Կապի հիմքը գլխուղեղի սնուցման խանգարումն է: Թթվածնի եւ սննդարար նյութերի ոչ բավարար քանակության պայմաններում ուղեղի բջիջները սկսում են փոխվել՝ դրսեւորելով տկարամտության ախտանշաններ: