Մեծ Բրիտանիայում մասնավոր խուզարկու աշխատելիս հատուկ լիցենզիայի բացակայության դեպքում գործունեությունը կհամարվի ապօրինի։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը։

Նրա խոսքով՝ ՆԳՆ-ն մտադիր է վերահսկել մասնավոր հետախուզական գործունեությունը օրինախախտ-հետախույզների պատճառով, որոնք ապօրինաբար ներխուժում են մասնավոր կյանք։

Ենթադրվում է, որ մասնավոր խուզարկուներին կտրամադրվի լիցենզիա՝ ուսուցման հատուկ կուրս անցնելուց եւ քրեական անցյալի բացակայությունը ստուգելուց հետո, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ բրիտանական խորհրդարանի պատգամավորները հայտարարել էին, որ ոստիկանությանը հայտնի են դեպքեր, երբ իրավաբանական եւ ապահովագրական ընկերությունները, ինչպես նաեւ որոշ հայտնի մարդիկ վարձրել են մասնավոր խուզարկուներ՝ ապօրինի կերպով տեղեկություններ ստանալու համար։