Առաջիկա օրերին «Ժառանգություն» կուսակցությունը չի նախատեսում որեւէ տեսակի միջոցառում կազմակերպել Ազատության հրապարակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգության» վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարան իրազեկում ուղարկելուց առաջ իրենք չեն իմացել, թե որ օրերի համար քաղաքապետարանը կտա իր համաձայնությունը, քանի որ հայտնի չի եղել, թե ինչ միջոցառումներ են նախատեսված Ազատության հրապարակում:

«Օգոստոսի 1-ից 22-ի համար հավաքներ անցկացնելու վերաբերյալ քաղաքապետարանի համաձայնությունն ստանալը չի նշանակում, որ մենք ամեն օր հանրահավաք ենք կազմակերպելու: Միջոցառում կազմակերպելու դեպքում կուսակցությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,-ասել է Սաֆարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինք խմբակցության  անդամ Արմեն Մարտիրոսյանը քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում՝ օգոստոսի 1-ից 22-ը ներառյալ, ժամը 11:00- 21:00-ի ընթացքում Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված է, որ բոլոր իրազեկումներն ընդունվել են ի գիտություն:

Նշենք, որ նախկինում եւս «Ժառանգություն» կուսակցությունը բազմաթիվ իրազեկումներ էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, սակայն ոչ միշտ էր նշված օրերին հավաքներ անցկացրել: