Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` մանկապարտեզի տնօրենի կողմից  պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենը 2013թ. հունիս-հուլիս ամիսներին Գյումրիի քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաեւ վարձավճարներից հավաքագրված ընդհանուր 1 501 096 դրամը չի ուղղել աշխատավարձի, սնունդ մատակարարած ընկերությունների հանդեպ  ունեցած պարտավորություների եւ կոմունալ ծախսերի վարձավճարների մարմանը:

Հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, մանկապարտեզի տնօրենն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված գումարը, ըստ նախապատրաստված նյութերի, յուրացման եղանակով հափշտակել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով : Քրեական գործի նախախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին: