Ամերիկյան Դենվեր քաղաքի «Curtis» հյուրանոցը իր հյուրերին բավականին արտասովոր ծառայություն է առաջարկում։ 50 հազար դոլար վճարելով՝ նրանք կկարողանան գիշերն անցկացնել երկրից 6,7 մետր բարձրությամբ փչովի համարում։
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, նախագծի հեղինակը ճարտարապետ Ալեքս Շվեդերն է։
Համարում, որի չափերը ընդամենը 1,5-ը 2,1 մետրի վրա է, կա փչովի մահճակալ եւ բազմոց, ինչպես նաեւ բիոզուգարան, լվացարան եւ ցնցուղ։ Թափանցիկ տանիքով սենյակն օդում է մնում հատուկ բարձրացնող հարմարանքի շնորհիվ։ Սկզբում նախագծի հեղինակը ծրագրում էր այն կախել շինարարական կռունկից, սակայն, ելնելով անվտանգության նկատառումներից, հետագայում հրաժարվել է այդ գաղափարից, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Սենյակում արգելվում է ծխել եւ ալկոհոլ օգտագործել։ Առայժմ այդ սենյակում բացի Շնեդերից, ոչ ոք չի գիշերել։
Փչովի սենյակը մինչեւ օգոստոսի 23-ը կտեղադրվի Դենվերի տարբեր ավտոկայանատեղերում։





























