Femen շարժման երկու ակտիվիստուհիներ ձերբակալվել են  Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան տարածք ապօրինի ներխուժելու համար, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է դեսպանատան մամուլի ծառայության ներկայացուցիչ Ալեքսանդր Պաշեդկոն: 

«Այսօր` առավոտյան 9-ին, դեսպանատան մոտ երկու մարդ էին հայտնվել, որոնք դեսպանատան գլխավոր դարպասների մոտ ծիածանագույն դրոշ էին դրել: Մի քանի րոպե անց երկու կանայք  անցել էին դեսպանատան ցանկապատը եւ շարունակել ֆեմենյան սովորական կիսամերկ բողոքը»,-հայտնել է ռուս դիվանագետը:

Ըստ նրա` դեսպանատան աշխատակիցները ստիպված էին ոստիկանություն կանչել: «Այդ կանայք կալանված են, նրանց հարցաքննում է ոստիկանությունը », — ասել է մամուլի խոսնակը:

Նա նաեւ հայտնել է, որ ավելի ուշ Ստոկհոլմում ՌԴ-ի դեսպանատան մոտ տեղի է ունեցել ցույց` հանուն Ռուսաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության: Ցույցը համաձայնեցված է եղել տեղի իշխանությունների հետ: