Ավստրալիայում բացվել  է ակվարիում, որն ընդունակ է ընդօրինակել օվկիանոսային ջրերի տաքացումը եւ բացատրել ծովաստղերի աճը, որոնք ոչնչացնում են Արգելապատնեշային Մեծ խութի մարջանները, հայտնում է France-Presse գործակալությունը։

Ազգային SeaSim ծովային ակվարիումը, որն արժեցել  է 31,4 մլն դոլար, բացվել է Ավստրալիայի արդյունաբերության նախարար Կիմ Կարրի նախաձեռնությամբ։ Նա հայտարարել է, որ ակվարիումը մարջանախութերի, ինչպես նաեւ տարածքային ջրերի պաշտպանության հզոր զենք կդառնա, հայտնում է Russia Today-ը;

Ավստրալիայի ծովային ուսումնասիրությունների ինստիտուտը (AIMS) ակվարիումը բնորոշում է որպես «աշխարհում ամենախելացին»: Ըստ  AIMS-ի գիտնական Մայք Հոլի՝ SeaSim-ն ունի անհավանական տեխնոլոգիաների փունջ: Հոլը պատմել է, որ  նախագծելուց առաջ ուսումնասիրողների թիմն այցելել է ամբողջ աշխարհի 40 ծովային ակվարիումներ: Վերջին տեխնոլոգիաները համադրվել են ավտոմատացման եւ կառավարման անհավանական մակարդակի հետ:

Նոր ակվարիումի շնորհիվ հետազոտողները կարող են կարգավորել ջրի ջերմաստիճանի, դրա թթվայնության, աղի պարունակության մեխանիզմները, ինչպես նաեւ հաստատել  իրենց որոշ հիպոթեզներ:

Սակայն ակվարիումի աշխատանքի համար առաջնայինը կդառնա ծովաստղերի աճի ուսումնասիրությունը: Ըստ հաշվարկների՝ նրանք 42% վնաս են հասցրել Ավստրալիայի Արգելապատնեշային Մեծ խութին,  որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցանկում: