Թամերլան Ցարնաեւը տարվել էր սպիտակ ռասայի գերազանցության մասին Հիտլերի գաղափարներով: Այս մասին BBC-ին պատմել են նրա ընկերները: Նրանց խոսքով՝ Ցարնաեւը ծայրահեղական գրականություն էր բաժանորդագրվել:
Նա նաեւ գրքեր է կարդացել կառավարական դավադրությունների տեսությունների մասին, որտեղ նշվում է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը, 1995-ին Օքլոհոմայի պայթյուններին առնչություն է ունեցել ԱՄՆ կառավարությունը: Բացի այդ, նա կարդացել է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքերը խաղաղ բնակիչների են սպանում, նաեւ Գուանտանամոյի բանտարկյալների մասին:
Այդ նյութերին ծանոթանալու ժամանակ նա մի տեղ նշում է արել. «Հիտլերը ճիշտ էր»:
«Թամերլանին պարզապես դուր չէր գալիս ԱՄՆ-ում ապրելը: Նա զգում էր, որ ԱՄՆ-ը գրավել է Մերձավոր Արեւելքը, որը հարուստ է նավթով»,-պատմել է Ցարնաեւի ընկերը, ով ներկայացել է Մայկոմ անունով, հաղորդում է Utro.ru-ն:
Հիշեցնենք, որ Ցարնաեւ եղբայրներին մեղադրում են ապրիլի 15-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մեջ: Զոհվել էր 3, վիրավորվել ավելի քան 260 մարդ: Թամերլանը սպանվել էր ոստիկանների հետ հրաձգության ընթացքում, Ջոհարը ձերբակալվել էր:





























