Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարություն է տարածել՝ կապված կայանալիք ընտրությունների հետ, որում կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը ապահովել ազատ եւ արդար ընտրական գործընթաց, որն արտացոլում է հավաքների եւ խոսքի ազատության հանդեպ հարգանքն ու իրավունքը։

«Դիմելով Ադրբեջանի պաշտոնյաներին՝ կոչ ենք անում... ի կատար ածել իր քաղաքացիների եւ միջազգային հանրության հանդեպ իր վրա վերցրած պարտականությունները, հարգել հավաքների եւ խոսքի ազատության սկզբունքները նախընտրական եւ հետընտրական շրջաններում»,-ասվում է հայտարարությունում։

Դեսպանի խոսքով՝ ազատ եւ արդար ընտրությունները դա միայն այն չէ, ինչ տեղի է ունենում ընտրությունների օրը։ «Անշահախնդիր նախընտրական մթնոլորտ ձեւավորելու համար անհրաժեշտ է, որ բոլոր կուսակցությունների եւ շահագրգիռ անձանց համար լրատվամիջոցները հավասար հասանելիություն եւ ազատ քարոզարշավ անցկացնելու հնարավորություն ունենան։ Դա ենթադրում է առողջ քաղաքացիական երկխոսություն, ինտերնետում երիտասարդության ազատ ինքնարտահայտվելու հնարավորություն, վարչական կալանքներից եւ այլ սպառնալիքներից խուսափում»,-ընդգծվում է հայտարարությունում, որը մեջբերում է contact.az-ը։

Մորնինգսթարը կոչ է արել արագացնել երիտասարդների, լրագրողների եւ քաղաքական առաջնորդների նկատմամբ դատական գործերը։ Բացի այդ, ԱՄՆ դեսպանը կոչ է արել իշխանություններին կատարել բանավոր խոստումներն ու պաշտոնապես հրավիրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԿ միջազգային դիտորդներին։

«Պաշտոնյաները պետք է գրանցեն տեղի դիտորդներին եւ թույլ տան ազատորեն հետեւել ընտրական գործընթացին՝ համաձայն օրենքի։ Կառավարության կոնստրուկտիվ մասնակցությունը, ինչպես նաեւ ազատորեն կարծիքներ փոխանակելու հնարավարությունը թույլ կտան ամրապնդել ադրբեջանական հասարակությունը, երկրի ապագա կայունությունն ու համատեղ շահերը»,-ասվում է ԱՄՆ դեսպանի հայտարարությունում։