ԱՄՆ-ում մեկ օրում կրակոցներով երկու միջադեպ  է տեղի ունեցել: Օգոստոսի 5-ի ցերեկը անհայտ անձը Քալիֆորնիայում կրակ է բացել մեքսիկական ռեստորանում, որի հետեւանքով երեք մարդ է զոհվել: Եվս երեք մարդ սպանվել են Փենսիլվանիայի նահանգի Ռոս քաղաքում, որտեղ տղամարդը հարձակվել է տեղի վարչակազմի շենքի վրա:

Ոստիկանության տվյալներով՝ Սալինաս քաղաքում (Քալիֆորնիայի նահանգ) մեքսիկական Tacos Choice ռեստորանում հրաձգությանը նախորդել է վիճաբանությունը: Երբ վեճի մասնակիցները դուրս են եկել ռեստորանից, նրանցից մեկը հանել է ատրճանակն ու կրակ բացել իրեն շրջապատողների վրա: Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է վիրավորներից եւս մեկը՝ 25 տարեկան:

Ոստիկանությունում համարում են, որ միջադեպը կապված է մրցակից հանցավոր խմբավորումների միջեւ հարաբերություններ պարզելու հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նույն օրը Փենսիլվանիայի Ռոս քաղաքում տեղի վարչակազմի նիստի ժամանակ օպտիկական նշանոցով ատրճանակով զինված անհայտ  տղամարդը շենքի դրսի կողմից կրակ է բացել: Նրան հաջողվել է վնասազերծել եւ ձերբակալել դեպքի վայրում, երբ պաշտոնյաներից մեկը պատասխան կրակ է բացել իր զենքից:

Արդյունքում զոհվել է 3 մարդ, մի քանիսը վիրավորվել են, այդ թվում անհայտ տղամարդը: Նրա արարքի դրդապատճառներն անհայտ են: