Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայում անհանդուրժողականության նոր ալիք է սադրում։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։ «Մոտ մեկ դար Թուրքիայի՝ ճշմարտությունից խուսափելու քաղաքականությունը թույլ է տվել Անկարային ամրապնդել հայ ժողովրդի նկատմամբ գործած հանցագործության հարցում իր անպատժելիությունը՝ խանգարելով հայ ժողվրդին վերադարձնել կարեւորագույն կենսական տարրեր, որոնք վերջինս երկար ժամանակ պահել է նախնիների հողում»,-ընդգծել է Համբարյանը NEWS.am-ին տված մեկնաբանությունում։

«Մերժումը թունավորում է հայ-թուրքական հարաբերությունները, Թուրքիայում հակահայկական անհանդուրժողականության նորանոր ալիքների պատճառ է դառնում, սպառնում է Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությանը, եւ, բնականաբար, տարածաշրջանում լարվածություն է ստեղծում»,-եզրափակել է նա։

«Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության ճանաչման մասին» N227 բանաձեւը 2013-ի մայիսին մտածվել եւ աջակցության է արժանացել կոնգրեսականներ Դեւիդ Վալադոյի, Ադամ Շիֆֆի, Մայքլ Գրիմմի եւ Ֆրենկ Փալոնի կողմից։ Բանաձեւում «նախագահին կոչ է արվում միջոցներ ձեռնարկել՝ հավասարության եւ կառուցողականության վրա հիմնված հայ-թուրքական կայուն եւ ամուր հարաբերությունների կայացմանը, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստն ու հետեւանքները վստահորեն ճանաչելու եւ մարդկության դեմ գործված հացագործության արդար եւ լիարժեք պատմական լուծմանն աջակցելու»։