Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել հայ-հնդկական համագործակցության ծրագրերի շրջանակում ոստիկանության ներգրավվածության կապակցությամբ:
Ոստիկանության պետը ներկայացնելով համակարգում ընթացող բարեփոխումների ներկայիս փուլի առանձնահատկությունները՝ նշել է, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաեւ կադրերի վերապատրաստման եւ ծառայությունների տեխնիկական հագեցման ոլորտը, իսկ այդ բնագավառում արդեն մեկ տասնամյակ տեւող համագործակցությունը Հնդկաստանի գործընկերների հետ արդեն որոշակի արդյունքներ է տվել:
Սուրեշ Բաբուն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է Հայաստանի ոստիկանության հետ փոխգործակցության մի շարք նոր ծրագրեր, եւ հավաստիացրեց, որ արդեն իսկ կայացած գործընկերությունը, մասնավորապես՝ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ուսուցման ու բնագավառի մասնագետների վերապատրաստման ոլորտում, շարունակվելու եւ ընդլայնվելու է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:





























