Հակաահաբեկչական միջոցները, որոնք իրականացվում են Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, լրջորեն թուլացրել են «Ալ-Կաիդա» շարժման միջուկը, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։ Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ խմբավորման առաջնորդները ավելի շատ ուշադրություն են դարձնում ինտերնետում իրականացվող քարոզչական գործունեությանը։

Անվտանգության խորհրդի կոմիտեի փորձագետները, որոնք հետեւում են ահաբեկչական ցանցի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, ընդգծում են, որ կազմակերպությունը ստիպված է հարմարվել նոր պայմանների։ Շարժման առաջնորդները գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ինտերնետի միջոցով քարոզչություն իրականացնելուն, հաղորդում է «Dni.Ru»-ն։

Փորձագետները ընդգծում են նաեւ վտանգը, որը կապված է Սիրիայում ահաբեկիչների ներկայության հետ։ Դամասկոսը բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացրել է այն փաստի վրա, որ ընդդիմության շարքերում պայքարում են աշխարհի տարբեր ծայրերից Սիրիա ժամանող մոջահեդներ, այդ թվում՝ Կովկասից։

Ինչպես դիտորդներն են ընդգծում, ՄԱԿ-ի գնահատականները հիմնականում համընկնում են Վաշինգթոնի գնահատականներին։ Սակայն անգամ թուլացած լինելու պարագայում ահաբեկիչները կարողանում են գլխացավանք պատճառել Վաշինգթոնին։