Աշնանը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում կքննարկեն կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու նախագծերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է ԼՂՀ խորհրդարանի արտադրության եւ արտադրական ենթակառույցների հարցերով հանձնաժողովի նախագահ Հրանտ Սաֆարյանը։ Հայաստանում նմանատիպ օրինագիծ ընդունվել է 2010թ դեկտեմբերին։
Փաթեթն արտոնվել է կառավարության կողմից եւ խորհրդարան ներկայացվել։ Մասնավորապես, պատգամավորները պետք է կողմնորոշվեն՝ լիովին հետեւել Հայաստանում հաստատված հարկային դրույքներին ու կանոններին, թե՝ ոչ։
Հայաստանում մասնավոր կուտակային կենսաթոշակային վճարներն ուժի մեջ են մտնելու 2014թ հունվարի 1-ից։ Այս համակարգին անպայման անցում կկատարեն այն անձինք, ովքեր 40 տարեկանից երիտասարդ են։
Կենսաթոշակային համակարգը կբաժանվի երեք աստիճանի: Առաջինը սոցիալական կենսաթոշակն է, որը, նախկինի պես, նախատեսված է թոշակի անցնող եւ առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիների համար: Երկրորդ խմբում 40 տարեկանից բարձր քաղաքացիներն են, որոնք կենսաթոշակ կստանան հին սկզբունքով: Բացի պարտադիր բաղադրիչներից, քաղաքացիները (այդ թվում 40-ից բարձր տարիք ունեցողները) կարող են նաեւ կամավոր վճարումներ կատարել, որպեսզի մեծացնեն իրենց ապագա կենսաթոշակի չափը:
Սակայն հայ հասարակությունում լուրջ մտավախություններ կան նոր համակարգի արդյունավետության առումով, հաշվի առնելով, որ երկրում շատ երիտասարդներ աշխատում են մասնավոր ընկերություններում առանց աշխատանքային պայմանագրերի, կամ նրանց պաշտոնապես գրվող աշխատավարձը զգալիորեն ցածր է իրական աշխատավարձից: Լուրջ կասկածներ կան նաեւ մասնավոր հիմնադրամների գործունեության թափանցիկության առումով, որոնք տնօրինելու են այդ գումարները:




























