Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում Ալ-Քաիդայի թեւ համարվող Էլ-Նուսրայի կողմից քուրդ բնակչության կոտորածից անհանգստացած Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի 8 զորագունդ մոտեցել են Սիրիայի հետ սահմանին եւ Էլ-Նուսրայի դեմ գործողության համար սպասում են հրահանգի։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Սիրիայում վերջին շրջանում քրդական PYD-ի զինվածխ ուժերի՝ YPG-ի միջեւ բախումները եւ Էլ-Նուսրայի կողմից քուրդ քաղաքացիական անձանց կոտորածն անհանգստացրել են Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկարությանը։

Քուրդիստանի իշխանությունները Էլ-Նուսրայից պահանջել են դադարեցնել բախումները YPG-ի հետ, այլապես սպառնալով ռազմական գործողություններ սկսել նրանց դեմ։

Իրաքի Քուրդիստանի զորամիավորումների (Փեշմերգե-խմբ) նախարարի տեղակալ Էնվեր Հաջը Օսմանը հայտարարել է, թե Էլ-Նուսրայի դեմ գործողության համար պատրաստ են 8 զորագունդ իրենց տանկային միավորներով եւ սպասում են հրահանգի։

Նշենք, որ օրեր առաջ Սիրիայի հյուսիսում Էլ-Նուսայի անդամները քուրդ քաղաքացիների կոտորած են իրականացրել՝ չխնայելով երեխաներին եւ կանանց։