Սյունիքի մարզպետի խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը պատրաստվում է թիվ 38 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու փաստաթղթերը երկուշաբթի օրը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արմեն Կարապետյանը:

Նա նշեց, որ իր թեկնածությունն առաջադրելու առաջարկը կուսակցությանն էր, քննարկել են եւ կարծես թե բոլորն էլ կողմնակից էին: Իսկ մինչ այդ տարբեր թեկնածուների վերաբերյալ քննարկումներ են եղել, վերջում կանգնել են Կապանի նախկին քաղաքապետի թեկնածության վրա: Սակայն, Արմեն Կարապետյանը չմանրամասնեց, թե իրենից բացի ինչ թեկնածուների անուններ էին շրջանառվում:

Ի դեպ, խոսակցություններ կային, թե այդ ընտրատարածքում կարող է առաջադրվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի դասախոս փեսան կամ էլ Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրներից մեկը: Դիտարկմանը, թե տարիներ շարունակ այդ ընտրատարածքից ընտրվելու մենաշնորհը Վահե Հակոբյանինն էր, կկարողանաք գրավել այն, նա նկատեց. «Դե կաշխատեմ, ինչքան հնարավոր է»:

Հավանական մրցակիցների մասին նախկին քաղաքապետը դեռ չի լսել, բայց ով էլ առաջադրվի, ուժեղ մրցակից է համարում. «Դե եթե ես առաջադրվել եմ, ուրեմն մրցակիցների հաշվարկն էլ եմ արել, շանսեր կան»,- ասաց ՀՀԿ անդամը: Օրենսդրական փորձ չունեցող ՀՀԿ-ականը մտավախություն չունի, որ չի կարողանալու աշխատել ԱԺ-ում: «Ճիշտ է, օրենսդրական չեմ աշխատել, բայց գործադիրում շատ եմ աշխատել, դրանք իրար հետ կապված են, ընդհանրապես չեմ վախենում, ինչից վախենամ, կա ժամանակ, որ ուսումնասիրեմ այդ ամեն ինչը»,- ասաց Արմեն Կարապետյանը:

Իսկ թե ի՞նչ է պատրաստվում անել հավանական թեկնածուն, որպեսզի սյունեցիներն իրեն ընտրեն, օրինակ` պատրաստվո՞ւմ է ընտրակաշառք բաժանել, թե՝ ոչ, Արմեն Կարապետյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ արդեն էս վերջերս ընտրակաշառքը վերացել է, դրանով առաջ չես կարա գնաս, մի քանի ընտրություն է էլ չկա: Էս վերջին տարիներին չեմ էլ լսել, որ մեկը ընտրակաշառք բաժանի, դա առաջ էր»,- ասաց նա` հավելելով, որ «իրեն ընտրակաշառք չեն առաջարկել վերջին ընտրություններին, այժմ ժողովուրդը կողմնորոշված է, դաշտը` ազատ, ովքեր ցանկանում են, կարող են իրենց թեկնածությունը դնել»: Նա կարծում է, որ իրեն կընտրեն` հիշելով իր քաղաքապետության տարիները:

Արմեն Կարապետյանն ասաց, որ լավ հարաբերություններ ունի թե Սուրեն Խաչատրյանի, թե Վահե Հակոբյանի հետ: «Նոր մարզպետին շատ լավ ճանաչում եմ, երիտասարդ է, կուսակցությունում առաջադրել ենք, իրեն պաշտպանել ենք, որպես պատգամավոր աշխատել ենք, քաղաքապետ ժամանակ էլ ենք առնչվել, ինչ խնդիրներ բարձրացրել եմ, կատարել է: Ինքը կողմնակից է եղել իմ առաջադրմանը: Արդեն որ ընտրվեմ, իրենից շատ բան կհարցնեմ, ինքը որ աշխատել է, տեսնեմ կիսատ ինչ գործեր է թողել, հետո մի քանի օրենքների հեղինակ է, որոշ խնդիրներ կիսատ թողած կլինի, կպայմանավորվենք, կշարունակենք»,-ասաց նա: Թե ինչպես է հաջողվել թե նախկին եւ թե ներկա մարզպետների հետ լավ հարաբերություններ պահպանել, ապա նախկին քաղաքապետն ասաց, որ դա աշխատանքային հարաբերություններից է գալիս, ղեկավարը սիրում է, երբ աշխատողները աշխատում են եւ խնդիրներ չեն ստեղծում:

Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: