Բաքվի Սաբուչինի շրջանում օգոստոսի 8-ի գիշերը արյունալի ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ եւ մարմնական բազմաթիվ վնասվածքներով: Այս մասին հաղորդում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով այդ շրջանի ոստիկանության վարչության տվյալները:

Հանցագործությունը կատարվել է Բաքիհանով ավանում: Կոնֆլիկտը ծագել է 5 տղամարդկանց միջեւ:

Նախնական տվյալներով՝ 30-ամյա Սանան Իսմայլովը իր տան վերանորոգման համար վարպետներ է վարձել եւ նախապես վճարել աշխատանքային բրիգադին: Վերանորոգման ժամկետը լրացել է, բայց վարպետները աշխատանքը չեն կատարել, որից հետո Իսմայլովը իր ընկեր Սարդար Զամանովի հետ գիշերով գնացել է վարպետներին տեսնելու, որպեսզի պարզի վերանորոգման աշխատանքների ձգձգման պատճառները:

Քիչ անց նրանց միջեւ խոսակցությունը վերաճել է վեճի: Տղամարդիկ հանել են դանակները ու սկսվել է արյունալի կռիվը:

Հայտնի է դարձել, որ 35-ամյա Սեյմուր Ռզայեւ դանակով հարվածել է Իսմայլովի գլխին: Տանտերն իր հերթին դանակով հարվածել է Ռզայեւի կողին: Ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել են նաեւ 35-ամյա Սամիր Ասլանովը եւ Սարդար Զամանովը:

Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Սարդար Զամանովը մահացել է:

Հաղորդվում է, որ տանտեր Սանան Իսմայլովը ձերբակալվել է, մյուսները ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: