«Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում երեւանաբնակ շուրջ 650 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են Տավուշի մարզի եւ ՀՀ հարավային սահմանամերձ տարածքներ՝ տեսակցելու իրենց զավակներին: Ծրագրում ներառված են սոցիալապես անապահով ընտանիքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զորամասեր զինծառայողների ծնողների արդեն ավանդական դարձած այցերը կազմակերպվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ: Ավտոբուսները մեկնել են օգոստոսի 9-ի ուշ երեկոյան, քաղաքապետարանի վարչական շենքի հարակից տարածքից: Նախքան մեկնումը պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են այցը կազմակերպելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ բոլոր միջոցառումների մասին: Նշվել է նաեւ, որ ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները:
«Երեւանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունները սահմանամերձ զորամասեր արդեն ավանդույթ են դարձել: Կազմակերպչական բոլոր աշխատանքները, այդ թվում նաեւ անհրաժեշտ սննունդն ու գիշերակացի տրամադրումն ապահովվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից: ճանապարհային ոստիկանության եւ առողջապահական հաստատությունների ներկայացուցիչները եւս ներգրավված են ավանդական այս ակցիային: Յուրաքանչյուր ավտոբուսում ծնողներին ուղեկցում են բժիշկներն ու սոցիալական աշխատողները: Աշխատանքային մյուս խումբն արդեն զորամասերում է եւ պատրաստ դիմավորելու ժամանողներին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:




























