Բուհերի պրոֆեսորների աշխատավարձը պետք է բարձրացնել ոչ ուսանողների հաշվին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրային խորհրդի երիտասարդության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը: Երիտասարդ ակտիվիստների խմբի հետ նա բարձրացրել է 5 պետական բուհերի առաջին կուրսեցիների համար ուսման վարձավճարների բարձրացման իրավաչափության հարցը:
Ակտիվիստները այս հարցը բարձրացրել են Հանրային խորհրդում, Երիտասարդական խորհրդարանում, ինչպես նաեւ զրուցել են ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ:
«Մեզ ասել են, որ անապահով ընտանիքների ուսանողներին սոցիալական փաթեթներ կտրամադրվեն, բայց մեզ այլ բան է անհանգստացնում. Շատ քչերը կցանկանան հայտարարել, որ իրենց ընտանիքում ծանր ֆինանսական պայմաններ են»,-նշել է Մարգարյանը: Անապահով ուսանողներին պետք է վեր հանեն ուսանողական խորհուրդները, եւ ոչ ուղիղ հարցումներով, այլ նրբորեն եւ աստիճանաբար՝ կուրսեցիների միջոցով:
Որպես ուսման վարձավճարների բարձրացման պատճառ նշվում է դասախոսների ցածր աշխատավարձը բարձրացնելու անհրաժեշտությունը: «Մենք հասկանում ենք, որ դա խիստ անհրաժեշտ է, բայց ոչ ուսանողների հաշվին»,-ասել է Հանրային խորհրդի անդամը:
Նրա խոսքով՝ ուսանողները պատրաստվում են վերլուծել այդ 5 բուհերի հաշվետվությունները, որպեսզի պարզեն, թե ինչով է պայմանավորված ուսման վարձը բարձրացնելու մասին որոշումը:




























