Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն ստացել է Դատախազություն հասցեագրված իր նամակների պատասխանները: Դրանից հետո նա երրորդ նամակ է ուղարկել, որի պատասխանը դեռ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:
Գլխավոր դատախազություն ուղարկված առաջին գրությամբ փաստաբանը խնդրում էր իրեն տրամադրել տեղեկություն, թե արդյոք մամուլում եղած հրապարակումներից որեւէ մեկը, որոնցով հիշատակվում է Սյունիքի նախկին մարզպետի անունը, դիտվե՞լ է որպես հանցագործության մասին հաղորդում, թե՞ ոչ, քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: Այս նամակին ի պատասխան, Հայկ Ալումյանի փոխանցմամբ, իրեն հայտնել են, որ տեղյակ չեն` ինչ հրապարակումների մասին է խոսքը: Դրանից հետո նա ստիպված է եղել դատախազություն ուղարկել հրապարակումների մի մասը, ինչին ի պատասխան` հայտնել են, որ այդ նամակը հասցեագրվել է Հատուկ քննչական ծառայությանը: Հատուկ քննչական ծառայությունից, սակայն, Հայկ Ալումյանը, որեւէ պատասխան չի ստացել:
Հայկ Ալումյանի կողմից դատախազություն մուտք եղած հաջորդ դիմումը վերաբերում էր զինվորական դատախազին, արդյոք նրա անունից տարածված տեսակետները հանդիսանո՞ւմ են դատախազության պաշտոնական տեսակետ, թե՞ ոչ, արդյոք նա ի պաշտոնե նման հայտարարություններ անելու լիազորություններ ունի՞, թե՞ ոչ:
Հայկ Ալումյանի, նամակին ի պատասխան, հայտնել էին, թե «դա տեղեկատվություն է, ոչ թե տեսակետ, եւ քանի որ այդ գործը հասարակական մեծ հնչեղություն ունի, պարոն Կոստանյանը նման տեղեկություններ է տրամադրել». «Իմ կարծիքով` թյուր են պատկերացնում տարբերությունը տեսակետի եւ տեղեկատվության միջեւ, հակառակ դեպքում` այդպես չէին ասի»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին Զիլֆուղարյանը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:





























