Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի կողմից հուլիսի 17-ին Գլխավոր դատախազություն մուտք է եղել գրություն, որում փաստաբանը խնդրում է իրեն տրամադրել տեղեկություն, թե արդյոք մամուլում եղած հրապարակումներից  որեւէ մեկը, որոնցով հիշատակվում է Սյունիքի նախկին մարզպետի անունը, դիտվել է որպես հանցագործության մասին հաղորդում, թե՝ ոչ:

Գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ փաստաբանը չի մասնավորեցրել, թե իրեն կոնկրետ որ հրապարակումն է հետաքրքրում: «Անցած մեկուկես ամիսների ընթացքում շատ տարբեր հրապարակումներ են եղել, եւ թերեւս փաստաբանը հստակեցնի, թե իրեն կոնկրետ որն է հետաքրքրում, քանի որ խիստ ընդհանրական է, առավել որոշակի բան չեմ կարող ասել»,- ասաց Սոնա Տռուզյանը` հավելելով, որ պաշտոնապես այդ դիմումի քննարկման արդյունքների մասին փաստաբանին տեղյակ կպահվի:

Հայկ Ալումյանի կողմից դատախազություն մուտք եղած հաջորդ դիմումը վերաբերում է զինվորական դատախազին, արդյոք նրա անունից տարածված տեսակետները հանդիսանում են դատախազության պաշտոնական տեսակետ: «Կոնկրետ գործերով հսկողություն են իրականացնում կոնկրետ դատախազներ, որոնք իրենց տեսակետը տվյալ գործի նկատմամբ դրսեւորում են դատավարական փաստաթղթերով: Միաժամանակ պարզաբանում եմ, որ տարբեր գործերով հաշվի առնելով քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ առանձին գործերի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` դատախազությունը տրամադրում է տեղեկատվություն կոնկրետ քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ` հիմնվելով տվյալ օրվա դրությամբ ձեռք բերված փաստական տվյալների վրա, ընդ որում` տեղեկատվության տրամադրումը կարող է իրականացվել ոչ միայն մամլո հաղորդագրությունների միջոցով,  այլեւ ասուլիսների եւ հարցազրույցների միջոցով: Ես վստահ եմ, որ այս մասին շատ լավ գիտի նաեւ հարգարժան փաստաբանը, եւ տվյալ հարցադրումը համարում եմ արհեստական»,- ասաց գլխավոր դատախազի օգնականը:

Նշենք, որ Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին  Զիլֆուղարյանը:

Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: 

Լուսանկարը` «Emedia.am»-ի