Վրաստանը Ջավախքում ձուլման նպատակասլաց քաղաքականություն է իրականացնում, իսկ ՀՀ իշխանությունները Ջավախքի հայության հաշվին թեթեւացնում են իրենց բեռը: Այս մասին ասված է «Ջավախքի հայերի ազգային խորհրդի» հայտարարության մեջ: Ըստ այդմ, նշվում է, որ «Ջավախքում լեզվական, տնտեսական և վարչական խտրականությունն ընդամենը հետևանքն է այն բանի, որ Ջավախքի ժողովուրդը կորցրել է միասնականության զգացողությունը և պարփակվել է տնտեսական խնդիրների շրջանակում: Սա հետեւանք է Հայաստանի եւ Վրաստանի ապակողմնորոշող քաղաքականության»:
«Վրաստանը բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով ձգտում է վտանգից զերծ պահել ազգային ինքնիշխանությունը, իսկ քանի որ ջավախահայությունը դիտվում է որպես ազգային անվտանգության հնարավոր սպառնալիք, ապա որպես հետևանք մենք ունենում ենք այն, ինչ ունենք: Ջավախքի խնդրի' օրակարգում հայտվելուց ի վեր ստեղծված իրադրության արմատական փոփոխության որևէ առաջարկ չի եղել: Ավելի շուտ մենք ականատես ենք լինում այն իրողության փաստմանը, թե Հայաստանին, Վրաստանին և գործընթացի այլ մասնակիցներին ինչ չի կարելի անել, բայց ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչ դեր է վերապահվում Ջավախքի հայերին»,- նշում են հայտարարության հեղինակներն ու հավելում. «Իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե Ջավախքի հայությունը դառնա գործընթացի լիիրավ մասնակիցը' դրանից բխող բոլոր հետևանքներով»
«Հիմնախնդրի կարգավորումն անհրաժեշտ է սոցիալական շահերի և անհատականացված կապերի հարթությունից տեղափոխել իրավական, նորմատիվ հարթություն: Այդ նպատակով Ջավախքի հայերի ազգային խորհուրդը որոնում է ուղիներ և ռեսուրսներ, այդ թվում' միջազգայային կազմակերպությունների հետ գործակցության միջոցով»:


























