Վերջին շրջանում Սիրիայի կառավարական ուժերին հաջողել է լուրջ հաջողությունների հասնել զինված ընդդիմության դեմ ռազմական գործողությունների ընթացքում, այսօր` օգոստոսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Դամասկոսում քիմիական զենք կիրառելու մասին խոսակցություններին, արաբագետի կարծիքով դա ընդդիմության ձեռքի գործն էր, քանի որ Սիրիայում են գտնվում ՄԱԿ-ի փորձագետները, եւ իշխանություններին ձեռնտու չէր քիմիական զենք կիրառելը:
Միաժամանակ, ընդդիմության կողմից քիմիական զենք կիրառելու փաստը նշանակում է, որ Բաշար Ասադն ամբողջ երկիրը վերահսկելու հնարավորություն չունի, նշել է Գրիգորյանը: Արաբագետը միաժամանակ կարծում է, որ վիճակը կարող է փոխվել հօգուտ Ասադի, եթե բնակչության մեծ մասը, որն այս պահին չեզոքություն է պահպանում, համախմբվի նախագահի շուրջ: Ըստ արաբագետի` նման միտում արդեն նկատվում է:
Գրիգորյանը նշել է, որ Սիրիայի տարածքում գործող զինված խմբավորումները հաճախ նախ որպես «Ալ Քաիդայի» անդամներ են հանդես գալիս, հետո հայտարարում են իսլամիստական կազմակերպությոսւնից անկախ լինելու մասին
«Սիրիայի իսլամիստական զինված խմբավորումները բավական պառակտված են, հաճախ իրարից անկախ են գործում եւ տարբեր երկրների շահերն են ներկայացնում», - նշել է Գրիգորյանը` հավելելով, որ Սիրիայի իրավիճակն անկանխատեսելի է, դեպքերի զարգացումն էլ` անկառավարելի:





























