Եթե Ռուսաստանից Հայաստան երկաթգծի շահագործման մասին որոշում ընդունվի, աբխազական հատվածի առումով քաղաքական եւ իրավական իրավազորության հարցերը շահարկումների առարկա չեն կարող լինել: Այս մասին «Կոմերսանտի» հետ զրույցում հայտնել է Աբխազիայի փոխարտգործնախարար Իրակլի Խինթբան` պատասխանելով Թբիլիսիի դիրքորոշմանը վերաբերող հարցին, որը կարծում է, թե այդ հարցում պետք է պայմանավորվել Մոսկվայի հետ, ինչպես նաեւ այն հարցին, թե արդյոք այդ նախագիծը պետք է հենց իրեն` Աբխազիային:
«Մենք դեռ չունենք անհրաժեշտ տնտեսագիտական եւ այլ հաշվարկներ` այդ նախագծի կոմերցիոն նպատակահարմարության մասին միանշանակ հայտարարելու համար: Մի բան կարող եմ միանգամից ասել. եթե երբեւէ որոշում կայացվի Ռուսաստանից Հայաստան երկաթուղու շահագործման վերաբերյալ, երկաթուղու աբխազական հատվածի քաղաքական եւ իրավական իրավազորության հարցերը շահարկումների առարկա չեն կարող լինել: Դա աբխազական երկաթուղի է, մեր պետության սեփականությունը, եւ այստեղ այլ դիրքորոշում չի կարող լինել», - հայտնել է Խինթբան:
Պատասխանելով հարցին, թե տեսնում է արդյոք Աբխազիան Վրաստանի հետ երկխոսության հեռանկարներ, Աբխազիայի արտգործնախարարի տեղակալը նկատել է, որ «մենք հարեւաններ ենք Վրաստանի հետ, եւ դա անժխտելի աշխարհագրական հանգամանք է»:
«Այսօր մեր ժողովուրդների միջեւ պատ կա: (...) Աբխազիայում մարդկանց մի ողջ սերունդ կա, որոնք միայն մոտավոր պատկերացում ունեն Վրաստանի մասին (...): Ավագ սերունդը, որը վրաց ժողովրդի հետ ապրելու փորձ ունի, Վրաստանի նկատմամբ ոչ մի վստահություն չունի:
Կարծում եմ, որ մեր երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունները կարգավորելու միակ ուղին Վրաստանի կողմից Աբխազիայի ճանաչումն է: Վրաց իշխանությունների համար Աբխազիայի վերադառնալը Վրաստանի կազմ այսօր նշանակում է քայքայել մեր ժողովուրդների եւ պետությունների միջեւ ապագա նորմալ հարաբերությունների հիմքը», - ասել է Խինթբան:





























