Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենք կիրառելու մեղադրանքները բացառապես քաղաքական էին, իսկ դրա համար հիմք էին  ծառայել կառավարական ուժերի մի շարք հաղթանակներն ընդդեմ գրոհայինների, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսական «Իզվեստիա» թերթի հետ զրույցում:

«ԱՄՆ-ի, Արեւմուտքի եւ այլ երկրների քաղաքական գործիչների հայտարարությունները ողջամտության ուղղված անարգանք էին:  (... ) Սա նոնսենս է. սկզբում մեղադրանքներ են ներկայացնում, հետո ապացույցներ հավաքում (…) Կարո՞ղ է արդյոք պետությունը քիմիական զենք կիրառել իր զորքերի գտնվելու վայրում», - ասել է նա՝ հավելելով, որ Սիրիայի իշխանություններն առաջին անգամ միջազգային հանձնաժողով են պահանջել՝ երկրի տարածքում ռազմական հանցագործությունները  հետաքննելու համար:   «Վերջին շաբաթներին ՄԱԿ-ի հետ բանակցություններ ենք վարել հանձնաժողովի աշխատանքի շուրջ, վերջապես մասնագետներ են ժամանել: Նրանց աշխատանքի արդյունքը կներկայացվի ՄԱԿ-ում», - ասել է Ասադը:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի մի շարք երկրների  ղեկավարության վերջին հայտարարությունները Սիրիայում ռազմական գործողություն սկսելու հնարավորության եւ Իրաքի սցենարի կրկնության հնարավորության մասին՝ Ասադը նշել է, որ «Արաբական հեղափոխությունների» միեւնույն սցենարն արդեն համոզիչ չէ:

«ԱՄՆ-ին ձախողում է սպասում, ինչպես որ նրա հրահրած նախորդ պատերազմների դեպքում՝ Վիետնամից սկսած մինչեւ մեր օրերը», - ասել է Սիրիայի նախագահը:

Խոսելով «Ժնեւ-2» կոնֆերանսից ունեցած  սպասումների մասին՝ Ասադը նշել է,  որ կոնֆերանսի առաքելությունը Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման համար հող նախապատրաստելն է:

Բայց մենք չենք կարող քաղաքական ուղղվածությամբ երկխոսություն սկսել, քանի դեռ չի դադարել արտասահմանից ահաբեկիչներին ցուցաբերված աջակցությունը:

Ժնեւից մեր միակ ակնկալիքը Սիրիայում ահաբեկչությանն աջակցող երկրների վրա ճնշում գործադրելն է: Նրանք պետք է դադարեցնեն մաքսանենգ ճանապարհով զենք մատակարարելը եւ վարձու ահաբեկիչներին մեզ մոտ ուղարկելը»,- ասել է նա: