Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամի  փաստաբանը բրիտանական իշխանություններին խնդրում է իր պաշտպանյալի նկատմամբ արդար դատավարություն ապահովել:

Sky News հեռուստաալիքի հետ զրույցում Ջոն Ջոունսը հայտարարել է, որ Լիբիայում նրան մահապատիժ է սպառնում, եւ Լոնդոնին կոչ է արել անել հնարավորը, որպեսզի Սեյֆ ալ Իսլամի գործը հանձնվի Հաագայի Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ):

41-ամյա Սեյֆ ալ Իսլամն ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտական գիտությունների դպրոցը՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քադաֆիի որդին կալանավորվել էր 2011թ. Լիբիայի հարավում՝ Զինթան նահանգի ապստամբների կողմից: Այդ օրվանից նրան կալանքի տակ են պահում՝ չհանձնելով Տրիպոլիի կենտրոնական իշխանություններին: Սեյֆ ալ Իսլամը մեղադրվում է 2011թ. «փետրվարի 17-ի հեղափոխության» ընթացքում ժողովրդի նկատմամբ գործած հանցանքների մեջ: Միջազգային քրեական դատարանը եւս նրան մեղադրել է մարդկության նկատմամբ հանցագործությունների մեջ  եւ ցանկանում է հասնել նրա հանձնմանը՝ Հաագայում դատավարություն անցկացնելու համար: