ԳԴՀ նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը Հաննովերի դատարանում կպատասխանի շահույթ ստանալու մասին մեղադրանքով: Դատական գործընթացը պետք է սկսվի նոյեմբերի 1-ին: Վուլֆից բացի գործում ներգրվված է կինոպրոդյուսեր Դավիթ Գրյոնեւոլդը: Վուլֆը ԳԴՀ նախկին ղեկավարներից առաջինը կդառնա, ով որպես ամբաստանյալ պատասխան է տալու դատարանում:
Deutsche Welle-ն հայտնում է, որ պետության նախկին ղեկավարի դեմ գործը կապված էր 2008թ. դեպքերի հետ, երբ Ստորին Սաքսոնիայի վարչապետ եղած տարիներին նա կնոջ հետ այցելել էր Մյունխենում անցկացվող Օկտոբերֆեստ փառատոնին: Այն ժամանակ Գրյոնեւոլդը մասնակի վճարել էր Վուլֆ ամուսինների հյուրանոցային ծախսերը: Վուլֆն էլ դրանից հետո Գրյոնեւոլդի կինոնախագծի ֆինանսավորման մասին որոշում էր կայացրել:
Քանի որ խոսքը համեմատաբար աննշան գումարի՝ 800 եվրոյի մասին էր, դատախազությունը Վուլֆին եւ Գրյոնեւոլդին առաջարկել էր համապատասխանաբար 20 եւ 30 հազար եվրո տուգանք վճարել եւ գործը փակել: Սակայն վերջիններս հրաժարվել էին՝ պնդելով, որ անմեղ են:




























